top of page

Նորություններ

ՀՐԱՏԱՊ!! Հրթիռահրետակոծության հետևանքով 12-ամյա երեխա է սպանվել, երկուսը վիրավոր են. Թարմացվում է

10:30 Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

10:20 Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս պահին տեղեկություններ չկան երկու կողմերի զոհերի եւ վիրավորների մասին:

09:40 Մարտական ողություններում նախաձեռնությունը հայկական զինուժի ձեռքում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում  ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- գրել է Հովհաննիսյանը:

09:20 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը քիչ առաջ կրկին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ղաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:

Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

09:10 Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:

Նշենք, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ է արձակում, թե՛ գյուղերի եւ թե դիրքերի ուղղությամբ:

Մանրամասները՝ ավելի ուշ: 

02.04.2016

bottom of page